Մայիսի 5-ին ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին իր կողմնակիցներին բողոքի ցույցերի կոչ արեց` «Նա մեր ցարը չէ» կարգախոսով` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի չորրորդ պաշտոնակալության արարողությունից առաջ: Ռուսաստանի մի քանի քաղաքներում ակցիաները համաձայնեցված էին և անցան առանց միջադեպերի, մի քանի քաղաքներում ոստիկանությունը զանգվածային ձերբակալությունների դիմեց: «ОВД-инфо» պորտալի տվյալներով` շաբաթ երեկոյան ոստիկանական բաժանմունքներում 1348 մարդ հայտնվեց, 572-ը` Մոսկվայում: Մայրաքաղաքի իշխանությունները չէին արտոնել հանրահավաքը քաղաքի կենտրոնում, բայց Նավալնին ու նրա կողմնակիցները դուրս եկան Պուշկինի հրապարակ: Ի տարբերություն նախորդ անգամների` նա, այնուամենայնիվ, հասավ հանրահավաքի վայր ու բերման ենթարկվեց հենց Պուշկինի հրապարակից: Հրապարակը չափազանց մարդաշատ էր ու իսկզբանե փակված: Ակցիան նշանակված էր ժամը 2-ին, բայց մարդիկ հավաքվել էին շատ ավելի վաղ: Տարоրինակ էր, որ բացի բողոքողներից այնտեղ էին նրանց «ընդդիմախոսները»` տարիքով մարդիկ ռազմական համազգեստով, հարմոններով, նրանք պատերազմական տարիների երգեր էին երգում, գեորգիևյան ժապավեններ կրում ու պահանջում էին, որ փոխվի Սահմանադրությունը, որովհետև նրանց կարծիքով` Ռուսաստանն արտաքին վերահսկողության տակ է: Շատ էին կազակները, որ ինչ-որ պահից սկսեցին մտրակել Նավալնու կոչով հրապապարկում հավաքվածներին: ՕՄՕՆ-ը անընդհատ զգուշացնում էր, որ քաղաքացիների գործողություններն օրինական են և կարող է նրանց դեմ ուժ ու հատուկ տեխնիկա կիրառվել, եթե չցրվեն:
RFI
Հ.Գ. ԱՄՆ-ը դատապարտել է Ռուսաստանում «խաղաղ ցուցարարների» ձերբակալությունները և կոչ արել իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել նրանց։ Պետդեպարտամենտի խոսնակ Հիզեր Նոյերթը Թվիթերի իր միկրոբլոգում գրել է․«Քաղաքական լիդերները, ովքեր վստահ են իրենց լեգիտիմությանը, չեն ձերբակալում խաղաղ ընդդիմադիրներին՝ բողոքի ակցիաներին մասնակցելու համար»։ ԵՄ-ն ևս դատապարտել է ցուցարարների ձերբակալությունները և նրանց նկատմամբ կիրառված կոշտ ուժը որակել սպառնալիք խոսքի և հավաքների ազատությունը: «Նա մեր ցարը չէ» կարգախոսով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դեմ ամբողջ Ռուսաստանով մեկնարկած բողոքի ակցիաների ժամանակ ավելի քան 1600 մարդ է բերման ենթարկվել, բերման ենթարկվածների թվում կան անչափահասներ։ Սանկտ-Պետերբերգում ցուցարարների և ոստիկանների միջև բախում է եղել։ Ոստիկանները ցուցարարների նկատմամբ կոշտ ուժ են կիրառել, ռետինե մահակներ։ Ռուս ցուցարարների հայտնի կոչերին ավելացել են նորերը` նրանք ցանկանում են հայերի նման լինել: Հազիվ թե դա նրանց հաջողվի առաջիկա 6 տարում, բայց ո՞վ գիտի:
Թեպետ ՌԴ իշխանությունը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանում կատարվողը հայերիս ներքին գործն է, լրատվամիջոցներում վերստին հակահայկական մոլեգին քարոզչություն է: Հաշվի առնելով լրատվամիջոցների ուղիղ կախումը Կրեմլից` փաստացի Մոսկվան նրանց միջոցով արտահայտում է իր բուն վերաբերմունքը Հայաստանի ու հայերի նկատմամբ, Մարիա Զախարովային ու Դմիտրի Պեսկովին վերապահելով «ապահովության բարձիկի» դերը:
Ռուսաստանի տոտալիտար համակարգը մերժում է բազմակարծությունը որպես հասկացություն և անձնական կարծիք չի ճանաչում` բոլոր «անձնական կարծիքները» պետական քարոզչություն են: Որքանո՞վ կարող է անձնական կարծիք արտահայտել Միխայիլ Լեոնտևը, որ «Ռոսնեֆտի» փոխնախագահն է: Որքանո՞վ է անձնական կարծիք արտահայտում Комсомольская правда-ն` գրավոր ու բանավոր: Թե Լեոնտևի, թե Միխայիլ Յուրևի ծփացող ցինիզմն ու ծայրեծայր սադրիչ տեսակետները հանգում են նույն ելակետին` Ռուսաստանի խռովարար հետնաբակ Հայաստանը պետք է արյան ծովի մեջ խեղդել:
«Անձնական կարծիքը» պաշտոնական որևէ գնահատական չի ստացել, որ վկայում է` Ռուսաստանը պատրաստ է արտաքուստ ընդունել, իրականում ամեն ինչ անելու է թուլացնելու ու զրոյացնելու հայկական թավշե հեղափոխության ազդեցությունը: Նաև` «եղբայր Իլհամին» գործի մեջ մտցնելով: Այդպես եղել է բազմիցս: Ռուսական երկու գունդ Հայաստան մտցնելու կարիքն էլ չկա` Գյումրիի ռազմաբազայի Երևանում տեղակայված զինվորներն ու ռազմական ոստիկանությունը հերիք են: Հետո ևս մեկ անգամ ՌԴ ԱԳՆ կամ Հայաստանում ՌԴ դեսպանատունը կհայտարարեն. «Հայաստանի Հանրապետությունում վերջին շաբաթներին տեղի ունեցած իրադարձությունները հանդիսանում է բացառապես Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների ներքին հարցերը: Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերություններ կառուցելու և պահպանելու իր գործողություններում ռուսական կողմը, Երևանում դեսպանությունը չեն ելնում տարբեր անհատների անձնական կարծիքներից, այլ հավատարիմ է կարծիքին, որոնք հնչեցվել են Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի և ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կողմից»:
Ռուսներն այդպես էլ չհասկացան, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ ստեղծում, ամրացնում ու տարածում են միմիայն իրենք, ինչպես չհասկացան, որ Հայաստանը ՌԴ դաշնային սուբյեկտ չէ և իրենց անհեթեթ մեկնաբանություններն ու կարծիքները, տեսակետներն ու կանխատեսումները վաղուց արդեն Հայաստանում ընկալվում են իբրև անզորության դրսևորում: Լեոնտևներն ու նրա նմանները չպետք է ասեն, որ մենք իմանանք` կանք, թե չկանք, կլինենք, թե չենք լինի, եթե իրենք չլինեն: Դա մառազմ է, որից բուժում կա, երբ հիվանդը գիտակցի իր հիվանդ լինելը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ